Երևանում հուլիսի 4-ից 6-ը կկայանա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը, որի նախապատրաստական աշխատանքների սկիզբ հայտարարվել էր 2018 թվականը: Այդ մասին օրերս կայացած գիտական խորհրդի նիստի ժամանակ ասել է համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: 

«Դեռ անցյալ տարի կազմավորվեց համագումարի կազմկոմիտեն, հստակեցվեց համագումարի ծրագիրը, ստեղծվեց կայք, և այն արդեն հասանելի է։ Հասցրեցինք համագումարի մասին տեղեկացնել մասնագետներին ու բժիշկներին ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև իրենց գործունեությունը արտերկրում ծավալող գործընկերներին ու հայրենակիցներին։ Պետք է ասեմ, որ սերտ համագործակցում ենք ՀԲՄԿ նախագահ Վիգեն Սեպիլյանի և վերջերս ԱՄՆ տեղափոխված բժիշկ Գևորգ Յաղջյանի հետ, ով համագումարի համանախագահն է »,- ասել է Ա. Չարչյանը։

Ըստ Ա. Չարչյանի, համագումարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում արդի խնդիրները և առաջխաղացումները։