Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ հուլիսի չորսի պլենար դասախոսությունների մեկնարկը տրվեց «Գլոբալ առողջություն» թեմայով: Թեմայի մասին զեկույց ներկայացրեց Ժնևի միջազգային հարաբերությունների և զարգացման ինստիտուտի գլոբալ առողջապահության կենտրոնի ավագ խորհրդատու, ՀՀ առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը: Պրոֆեսորի հետ զրուցել ենք առողջապահության համաշխարհային խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև այս գործընթացներում Հայաստանի մասնակցության մասին:

-   Պրոֆեսոր, ինչպես հասկանալ«Գլոբալ առողջապահություն» տերմինը և ինչ խնդիրներ ու մարտահրավերներ կան այսօր այս ոլորտում:

-   Գլոբալ առողջապահությունն իրականում տասնամյակների պատմություն ունի, պարզապես որպես դիսցիպլին սկսեց ձևավերվել վերջերս: Քսանմեկերորդ դարն է՛լ ավելի բարդացրեց գլոբալ առողջապահության ու միջազգային առողջապահության իրավիճակը. կան նոր դերակատարներ, նոր գործընթացներ և վերադարձող հիվանդություններ: Սրա հետ մեկտեղ, կան նաև սեկտորներ, որոնք նախկինում չէին մասնակցում առողջապահական հարցերին, հիմա սկսել են մասնակցել: Այս ամենը խճողված էր և կարիք կար համակարգելու, գուցե այդ պատճառով էլ սկսեց ձևավորվել գլոբալ առողջապահությունը՝ Global Healf: Ներկայում ամենամեծ խնդիրն է՝ ինչպես այն թարգմանել: Ի վերջո, այն գլոբալ առողջությո՞ւն է, թե՞` գլոբալ առողջապահություն: Երկուսն էլ կարելի է դիտարկել, սակայն, այնուամենայնիվ, համագումարի ընթացքում ասվածը պետք է ընկալել գլոբալ առողջապահության համատեքստում: