Բագրատ Ալեքյանը` սրտաբանության արդի հիմնախնդիրների իր տեսլականի մասին

Հայ բժիշկների 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ Բագրատ Ալեքյանը։ Պրոֆեսորը լսարանին ներկայացրեց սրտաբանության արդի հիմնախնդիրների մասին իր տեսլականը։

Բագրատ Ալեքյանը, խոսելով իր զեկույցի թեմայի մասին, ընդգծեց դրա կարևորությունն ու արդիականությունը։



«Այն թեման, որը ես ներկայացնել եմ, բոլորովին նոր ուղղություն է միջամտական սրտաբանությունում։ Կորոնար խնդիրները բավականին արդյունավետ են լուծվում Հայաստանում։ Ամենահիմնականն այսօր Հայաստանում միտրալ փականի (կարգավորում է արյան ներհոսքը և կանխարգելում արտահոսքը ձախ նախասիրտ, խմբ.) և աորտալ փականի (կանխարգելում է արյան ներհոսքն աորտայից` ձախ փորոք, խմբ.) հետ կապված խնդիրների ժամանակ արդյունավետ բուժումն է։ Դրանք ծանր հիվանդություններ են. 70 տարեկանն անց մարդիկ մահանում են՝ սրտի վրա բաց վիրահատություն իրականացնելու անկարողության պատճառով։ Հիվանդությունը 3 տարվա ընթացքում սպանում է մարդուն»։