«Բժշկական կրթություն, առողջապահության քաղաքականություն և կազմակերպում» և «Առողջապահության ֆինանսավորում և էլեկտրոնային առողջապահություն» թեմայով քննարկումները

Հայաստանի 5-րդ միջազգային բժիշկական համաժողովի վերջին օրը՝ հուլիս 6-ը, լի էր Հայաստանում և Արցախում առողջապահության ոլորտը բարեփոխելու տարատեսակ նախագծերով։ Այս առումով հատկանշական էին «Բժշկական կրթություն, առողջապահության քաղաքականություն և կազմակերպում» և «Առողջապահության ֆինանսավորում և էլեկտրոնային առողջապահություն» թեմայով քննարկումները։



Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը վերոնշյալ քննարկումների շրջանակում խոսեց Արցախում առողջապահական ծառայությունների բարելավման և շարունակական բժշկական կրթության ծրագրի մասին. «Ես ներկայացրել եմ շարունակական մասնագիտական զարգացման թեման՝ Հայաստանի մարզեում և Արցախում աշխատող բժիշկների համար։ Բժշկական կրթությունն ամբողջ կյանքի համար է, հետևաբար, բժիշկները ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնեն իրենց գիտելիքները, հատկապես այն բժիշկները, որոնք աշխատում են հեռավոր մարզերում, կտրված տեղեկատվական տեխնոլոգիաներից։



Մեր ծրագրի շնորհիվ մարզերի բժիշկները շատ ավելի մատչելի եղանակով կարողանում են գալ Երևան և առաջատար կլինիկաներում վերապատրաստվել, ինչը բացերը լրացնելու հնարավորություն է տալիս։ Մեր ծրագրի իրականացումը բժիշկներին ազատում էր սոցիալական բեռից»։

Հ. Սիմոնյանից հարցրինք, թե ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ բարձրակարգ մասնագետներին՝ մարզեր կամ Արցախ տեղափոխվելու և բժշկագիտությունն այնտեղ զարգացնելու համար։



«Առաջին հերթին, մարզերում աշխատանքը պետք է դառնա անվտանգ: Ես նկատի չունեմ սահմանային լարվածությունը և պատերազմական վիճակը, այլ հիվանդանոցի ներսում առողջապահական սպասարկման անվտանգությունը։ Օրինակ, երբ շատ լավ վիրաբույժին հրավիրում ենք մարզային հեռավոր հիվանդանոց և նա պատրաստ է վիրահատություններ իրականացնել, սակայն չունի համապատասխան աջակցություն` ինտենսիվ թերապիայի մասնագետի, սրտաբանի և մյուսների, նա չի կարող իր ծառայությունն ըստ արժանվույն մատուցել։ Երկրորդ խնդիրը սոցիալական կյանքն է. երիտասարդ բժիշկները ցանկանում են նաև հաճելի ժամանակ անցկացնել այնտեղ` իրենց ընտանիքների հետ։ Եվ, իհարկե՛, մյուս կարևորագույն խնդիրը` ֆինանասավորումն է։



Քննարկման համանախագահներից անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն Րաֆֆի Ավիտսյանը, ով առիթ էր ունեցել մասնակցելու նախորդ համաժողովներին ևս, խոսեց այս և նախորդ համագումարների տարբերության մասին.

«Այս համաժողովը առանձնանաում է իր առավել մասշտաբայնությամբ՝ մարդիկ ավելի շատ են։ Այս տարի մեծ եռուզեռ կա։ Իսկապես, հիանում եմ, որ ամեն տարի այդքան երկրներից մարդիկ են գալիս»,- նշեց նա։



Րաֆֆի Ավիտսյանը կատարեց համաժողովի որակական բարելավմանն ուղղված իր առաջարկը.

«Իմ առաջարկն է, որ գալիք համագումարին համագործակցեն այն մարդկանց հետ, ովքեր ունեն մեծ փորձ այս ոլորտում և պատրաստակամ են օգնություն տրամադրել։  Ամիսներ առաջ ես ասացի, որ կարող եմ օգնել, քանի որ ԱՄՆ-ում նման փորձ ինքս ունեմ»։



Խոսելով համաժողովից իր ակնկալիքների մասին՝ Ր. Ավետսյանը նշեց.

«Իմ բժշկական մասնագիտացմանը՝ նեյրոանեսթեզիոլոգիային կից, աշխատում եմ բժշկական նոր հաստիքում՝ ԱՄՆ-ի «Քլիվլենդ» կլինիկայում, որտեղ կան մոտավորապես 3800 բժիշկներ։ Այստեղ շատ մեծ տեղ է տրվում նորարարություններին, խրախուսվում են նոր հնարքները, որոնք կարող են ծառայել բժշկությանը։ Ես էլ այդ նորարարներից մեկն էի, աշխատանքներն այստեղ արդեն ներկայացրել եմ։ Հույս եմ հայտնում, որ նրանք, ովքեր այս երկրում զբաղվում են տարբեր տեխնոլոգիական աշխատանքներով, նայեն-տեսնեն ու սկսեն իրականացնել տարբեր գաղափարներ: Եթե այն, ինչ ես հնարել եմ, Չինաստանն է պատրաստում, ինչու չի կարող Հայաստանում պատրաստվել։ Չէ՞ որ կան դիստրիբյուտորներ։ Սա էր իմ հիմնական նպատակը»։

Բժշկի խոսքերով՝ եթե շուրջդ նայես, ու տեսնես` ինչ-որ բան կա, որը բարելավման կարիք ունի, պետք է միջոցներ փնտրես դա անելու։