Հայ բժիշկների միջազգային V համագումարի շրջանակում` դասախոսություններ «Ճանաչողական խանգարումների իմունոլոգիան և գենետիկան» թեմայով

Թեմայի շրջանակում դասախոսություններով հանդես եկան Ազգային հետազոտական կենտրոնի հոգեբուժության և նարկոլոգիայի Վ.Պ Սերբսկու անվան ինստիտուտների (ՌՖ ԱՆ), Մոսկվայի հոգեբանական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Խաչիկ Սայադյանը և Մոլեկուլային բժշկության ինստիտուտի (Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ) վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանյանը: Մեզ հնարավորություն ընձեռվեց զրուցել նրանց հետ ոլորտին վերաբերող մի քանի հրատապ հարցերի շուրջ:

Պրոֆեսոր Խաչիկ Սայադյան

Ճանաչողական (կոգնիտիվ) խանգարումներ ի հայտ են գալիս նյարդային համակարգի ծանր հիվանդությունների ժամանակ: Թեև դրանք դասվում են ամենաբարդ հիվանդությունների շարքին, այնուամենայնիվ, ներկայում ախտորոշումը բավականին դյուրին է: Հիվանդությունները, որոնց ուղեկցում են ճանաչողական խանգարումները, մարդկանց մոտ հասարակությանն ինտեգրվելու խնդիրներ են առաջացնում, ի հայտ է գալիս աուտիկ համախտանիշ: Այս հիվանդությունները ներկայում լայն տարածում ունեն ո՛չ միայն երիտասարդների, նաև` մեծահասակների մոտ, սակայն այլ դրսևորումներով՝ պարկինսոնիզմ, Ալցհեյմերի հիվանդություն և այլն:

Նախկինում կարծում էին, որ դրանք միայն կենտրոնական նյարդային համակարգի ծագմամբ հիվանդություններ են: Սակայն պարզվեց, որ այս հիվանդությունների ժամանակ դերակատարում ունեն միաժամանակ և՛ իմունային, և՛ կենտրոնական նյարդային համակարգը: Թվում էր, թե իմուն համակարգը չի կարող համակցվել կենտրոնական նյարդային համակարգի հետ` հաշվի առնելով հեմատոէնցեֆալիկ արգելապատը:

Վերջին տարիներին բացահայտվեց, որ փոքրիկ նեյրոմեդիատորներն ընդհանուր են երկու համակարգերի համար: Փաստորեն, կենտրոնական նյարդային համակարգն ապահովվում է մեր ճանաչողությունը ֆիզիկական մակարդակով, իսկ իմուն համակարգը՝ քիմիական, մոլեկուլյար: Ուստի իմուն համակարգի ախտահարման ժամանակ օգտագործվող դեղերն օգնում են նաև կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների դեպքում, և՝ հակառակը: