Հանրային առողջության թեման՝ հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում, ի թիվս առողջապահական բազմաթիվ կարևոր թեմաների, քննարկվեց նաև հանրային առողջության թեման: Այս ընդգրկուն թեմայի շրջանակում ներկայացված զեկույցներն ուղղված էին բնակչության լայն շրջանի առողջության պահպանմանն ու բարելավմանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ նմանատիպ կոնֆերանսները հնարավորություն են տալիս ստեղծել մի հարթակ, որտեղ մասնագետները կիսվում են ոլորտի կարևոր նորություններով, անդրադառնում առողջապահության ոլորտում գիտական նոր ձեռքբերումներին, հնարավորություն տալիս ոլորտը բարելավելուն ուղղված քայլերի ձեռնարկմանը:

Համագումարի ընթացքում հանրային առողջությանը վերաբերող զեկույցների համանախագահ Լենա Նանուշյանը նշում է, որ ոլորտի բարելավումը ենթադրում է տևական և շարունակական գործընթաց, իսկ այս համագումարն օգնում է տեղայնացնել որոշակի գիտելիքներ և նպաստել առողջապահական ոլորտի զարգացմանը, նշանակալի արդյունքների գրանցմանը.

«Սա շատ լավ հարթակ է գիտական ու գործնական փորձի փոխանակման համար: Մեր հիմնական խնդիրը հայրենակիցների օգնությամբ աշխարհի տարբեր անկյուններից գիտական անհրաժեշտ փորձի, հանրային առողջապահական քաղաքականության մասին գիտելիք ստանալն է»:

Ամերիկայում Լոս Անջելեսի UCLA համալսարանում մանկական վիրաբույժի ասիստենտ, պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանի խոսքով՝ այս կոնֆերանսն առողջապահության ոլորտի խնդիրներին տեղեկանալու, ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատող մասնագետների հետ ծանոթանալու լավ առիթ է: