ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 5IMCA ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԻ ՀԵՏ

 

-   Ի՞նչ հարցեր քննարկվեցին գիտխորհրդի վերջին խորհրդակցությանը:

-   Գիտական խորհրդում ձևավորվել է աշխատանքային ռեժիմ, կազմակերպվել է վիրաբուժական և թերապևտիկ ուղղվածությանը վերաբերող երկու հանդիպում: Արդյունքում հետագա անելիքներն ու պայմանավորվուծությունները սահմանված են:

Համագումարում պլենար դասախոսությունները առողջապահության ավելի լայն ընդգրկում ունեցող թեմաներին են վերաբերում, առաջ են քաշում հանրային առողջության գլոբալ խնդիրները Հայաստան-Արցախ-սփյուռք շրջանակում և միջազգային ասպարեզում, ներկայացնում տվյալ ոլորտի աշխարհի լավագույն փորձը: Ողջունելի է, որ գործընթացում ներգրավված են աշխարհահռչակ հայ գիտնականներ, ովքեր պատրաստ են գալ և ներկայացնել իրենց փորձը և գիտելիքները:

Մասնագիտական ուղղվածության յուրաքանչյուր սեկցիայում նախատեսված է 6 զեկույց և կընդունվեն ներկայացված աշխատանքներից լավագույնները` հաշվի առնելով նաև այն, որ յուրաքանչյուր մասնագիտությունից երկու սեկցիայից ավել լինել չի կարող, այն էլ միայն բացառիկ դեպքերում: Ներկայում առավել ակտիվ են թերապևտիկ ուղղությունները:

Համագումարի շրջանակում ներառված են նաև սատելիտային սիմպոզիումներ, որոնք կկրեն նեղ մասնագիտական բնույթ և չեն կանոնակարգվի համագումարի կողմից: Դրանք իրականացնում են մասնագիտական ասոցիացիաները, գիտական խմբերը, բուժհաստատությունները՝ օգտագործելով համագումարի ընձեռած, հնարավորությունները, տարբեր երկրներից ժամանած հայ գիտնականների հետ հանդիպումների և փորձի փոխոնակման հնարավորությունները։

Այսինքն, ձևաչափը, որն ընտրված է ներկայում, թերևս, լավագույնն է և կարող է բավարարել յուրաքանչյուր մասնակցի պահանջ:

Գիտական ծրագրում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության բոլոր նախարարների խորհրդակցությունը, որի նպատակն է յուրաքանչյուրի փորձից բխող վերլուծությունների և առաջարկներիներկայացումը։

Նման ձևաչափն աննախադեպ է մեր իրականության մեջ:

Վերջին օրը խորհրդակցության շրջանակում կամփոփվեն կատարված գիտական և գործնական ծրագրերի արդյունքները, հնարավորություն կտրվի առավել կայացած մասնագիտական ասոցիացիաներին կարճատև տեղեկատվություն տրամադրելու կատարված և նախատեսվող խոշոր ծրագրերի մասին, կլինի բաց քննարկում Հայաստան-Սփյուռք-Արցախ շրջանակում և նոր կքննարկվեն հետագա ծրագրերը:

Իհարկե, դեռ շատ անելիքներ կան, բայց արդեն այսօր առկա է մեծ առաջխաղացում, եթե համեմատենք 10 տարի առաջ իրականացված համաժողովների հետ: Նախկինում դրանք առավելապես գործնական, ծրագրային բնույթ էին կրում, այժմ դրան զուգահեռ կարևորվում է նաև գիտական մակարդակի շարունակական բարձրացումը: Այս գիտաժողովները աստիճանաբար ավելի ու ավելի կնպաստեն ոչ միայն Հայաստանի, Արցախի և ընդհանրապես աշխարհասփյուռ հայ բժիշկների մասնագիտական որակների բարելավմանը, այլ նաև այն բանին, որ այստեղ գեներացվող գիտական միտքը օգտակար կլինի ամբողջ աշխարհին:

-   Ո՞ր ուղղություններն են, որոնք, ելնելով աշխարհի կամ Հայաստանի պահանջներից, առավել ուշադրության կենտրոնում են:

-   Այս համաժողովի ժամանակ առաջնայինը հանրային առողջապահությունն է, որն իր արտացոլումը գտնում է պլենար դասախոսությունների մեջ: Դրան զուգահեռ, սեկցիաներում փորձում ենք ներառել բոլոր մասնագիտական ուղղվածությունները: Մասնակիցները նույնպես պետք է նախաձեռնություն ցուցաբերեն: Սա ինչ-որ առումով ստուգատես է և՛ հայաստանյան, և՛ արտասահմանյան մեր գործընկերների համար:

-   Ի՞նչ ձևաչափով են աշխատում մասնագիտական խմբերը:

Նայած մասնագիտության ծավալի, յուրաքանչյուր մասնագիտական խմբում մինչև 3-4 հոգի են ընդգրկված, որոնք պատասխանատու են ստացված աշխատանքների համար: Աշխատանքներն անանուն ներկայացվում են նրանց և ստացված եզրակացությունն էլ հիմք է հանդիսանում որոշելու, ընդունելի՞ է, թե՞՝ ոչ, տվյալ աշխատանքը, ընդունելի է զեկույցի համա՞ր, թե՞ միայն տպագրության, թե ընդհանրապես պիտանի չէ։

-   Որո՞նք են  թեզիսների ուղղությունները:

-   Հիմնական բոլոր խոշոր ոլորտները ներառված են, իսկ առավել նեղ մասնագիտական ոլորտներից ստացված եզակի աշխատանքները կարող են խմբավորվել խոշորների մեջ, այսինքն, աշխատանքները ներկայացնելու սահմանափակում չկա:

Արդեն ստացվել են թեզիսներ, որոշ փուլ արդեն անցած է, ինչի՞ վրա կցանկանաք հրավիրել մասնագետների ուշադրությունը:

Կա մի խնդիր, որն առկա գրեթե ողջ աշխարհում. մասնագետներն իրենց աշխատանքն անում են միայն, երբ վերջնաժամկետը մոտ է, երբ արդեն կուտակում կա, և դա ծանրաբեռնվածություն է առաջացնում: Խնդրում եմ հնարավորին շուտ ուղարկել աշխատանքները:

Ներկայացվող աշխատանքներին վերաբերող կամ գիտխորհրդին ուղղված հարցերի դեպքում ինչպե՞ս դիմել:
5imca.am կայքում բոլոր տվյալներն առկա են: Կազմկոմիտեն և գիտխորհուրդը բաց են ցանկացած պարզաբանման և ցանկացած հարցի քննարկման համար:

Խորհուրդ եմ տալիս ավելի շահագրգիռ լինել և օգտագործել այս հնարավորությունը առկա խնդիրների հնարավորինս լայն շրջանակ քննարկելու և լուծելու համար՝ մասնագիտական հետաքրքրությունները բավարարելուց սկսած և վերջացրած գործնական դրսևորումներով և նոր կապեր հաստատելով: