Հայաստան-Սփյուռք համագործակցություն. հարցազույց Արա Բաբլոյանի և Վիգեն Սեպիլյանի հետ

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի ունեցավ Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը նվիրված պլենար քննարկում, որի գլխավոր մասնակիցներից էին Համագումարի հիմնադիր նախագահ Արա Բաբլոյանը և Լոս-Անջելեսի հայտնի “CHA” կլինիկայի բժշկական տնօրեն, Կալիֆորնիայի բժիշկների հայ-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Վիգեն Սեպիլյանը։

Խոսելով համաժողովի առանձնահատկությունների մասին, Արա Բաբլոյանը նշեց. «Կոնֆերանսի առանձնահատկությունն ակնհայտ է. բժշկագիտությունը զարգանում է շատ արագ, որպեսզի կարողանանք աշխարհի զարգացած երկրների փորձը բերել Հայաստան, համագործակցության եզրեր գտնել ու երկրում ոլորտը զարգացնել: Դրա լավագույն ճանապարհը նմանատիպ համագումարներ և կոնֆերանսներ կազմակերպելն է, հարցերի քննարկումը և իրականացման ճանապարհների որոնումը»։



Հարցին, թե կայացած 5 համաժողովներն ի՞նչ արդունքներ են գրացել, Ա. Բաբլոյանը պատասխանեց. «Գլխուղեղի կաթվածի ներկայում գործող ծրագիրն ուղղակի արդյունքն է նմանօրինակ համագումարների: Նախորդ համագումարի շրջանակում մասնագետների և բժշկական համալսարանի միջև քննարկման արդյունքում բուհում ստեղծվեց Կաթվածի կենտրոնը։ Մի շարք ծրագրեր սկսում են իրականացվել հենց նմանատիպ համագումարներից հետո»։

Կոնգրեսի հիմնադիր նախագահն այն հարցին, թե աշխարհի տարբեր ծայրերից ժամանած տարբեր հայտնի մասնագետները հեշտությա՞մբ են համաձայնում գալ Հայաստան և մասնակցել համաժողովին, պատասխանեց. «Իհարկե, հեշտությամբ չեն համաձայնում, բայց մենք շատ ավելի նախօրոք ենք հրավերներն ուղարկում, որպեսզի ժամանակացույցը ճիշտ կառուցելու ժամանակ տանք»,- նա նաև հավելեց, որ, ճիշտ է, համաժողովը կոչվում է Հայ բժիշկների, բայց այստեղ են նաև այլ երկրներից եկած մասնագետներ, որոնք շատ ավելի նեղ մասնագիտական հարցերում կարող են իրենց երկրի փորձը ներկայացնել։