Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն. հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկու հետ

-   Ռոբոտը բժշկության մեջ, հատկապես` ուրոլոգիայում, արդեն փորձարկված և արդյունավետ կիրառվող միջոց է: Ի՞նչ մոտեցում ունեք այդ նորարարությանը:

-   Ուրոլոգիան այն մասնագիտություններից է, որ շատ ակտիվ արձագանքում է բժշկության մեջ ներդրվող նոր տեխնիկային, բուժման նոր մեթոդներին և այլն:

Ելույթի ժամանակ խոսվեց այն մասին, որ նվազագույն ինվազիվ բուժումը բժշկության մեջ ներմուծել է ուրոլոգ:
Երբ  «Դա Վինչի» ընկերությունը ստեղծեց վիրաբուժության մեջ կիրառելի ռոբոտներ, դրանք շատ թանկարժեք էին, իսկ տեխնիկան չափազանց բարդ էր: Այն ոչ-ոք չէր ուզում օգտագործել: Մեծ ներդրումներ էին կատարվել, սակայն պահանջարկ չկար: Ընկերությունը գրեթե սնանկացման եզրին էր:

Բայց երբ ուրոլոգներին առաջարկեցին այն օգտագործել, իրավիճակը փոխվեց: Այն առաջարկվեց սպեցիֆիկ վիրահատության՝ շագանակագեղձի ռադիկալ վիրահատության համար, որը տեխնիկապես բավականին բարդ է, քանի որ շագանակագեղձը կոնքի հատակում է գտնվում, ինչին հասնելու համար պետք է մի քանի օրգաններից առաջ անցնել: Ռոբոտը կտրուկ փոխեց վիրահատության ընթացքը, դարձավ դյուրին:

Այդպիսով, ռոբոտային վիրաբուժությունն սկսեց առաջ ընթանալ, տարածվել, ընկերությունը նույնպես հարստացավ: «Դա Վինչի» ընկերության ակցիաները ներկայում ավելի բարձր են, քան ռուսական Գազպրոմինը:

Մեր երկրում ռոբոտի ներդրման բարդություններից է այն, որ ընկերությունը Հայաստանին իր ապրանքը չի վաճառում, թույլտվություն չի տվել: Ընկերությունը վաճառքն իրականացնում է որոշակի պայմաններով՝ պահանջվում է համապատասխան պետական աջակցություն, հիվանդների քանակ, որպեսզի ռոբոտն օգտագործվի և չմատնվի անգործության: Այդ պայմանները մենք դեռևս չենք կարող ապահովել: