Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն

Հարցազրույց Միքայել Մոսոյանի հետ, Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Ալմազովի անվան ֆեդերալ հետազոտական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի, ռոբոտային վիրաբուժության կուրսի ղեկավար և Ալմազովի ֆեդերալ կենտրոնի ուրոլոգիայի և ռոբոտային վիրաբուժության բժշկական տնօրեն:

Թեման նոր է, որքանո՞վ է ինտեգրված մարդ-տեխնիկա փոխհարաբերությունը:

Այս ուղղվածությունը ո՛չ միայն հետաքրքիր է, ո՛չ միայն նոր է, այլև արդեն լրջորեն ներդրվում է բժշկության մեջ: Ավելի քան 5 միլիոն մարդ աշխարհում վիրահատվել է ռոբոտների կողմից, և ամեն տարի այդ թիվը մեկ միլիոնով ավելանում է:
43 հազարից ավելի բժիշկներ աշխարհում վերապատրաստվել են այս մասնագիտությամբ: Ռուսաստանում անցյալ տարի` 3 հազար, այս տարի պլանավորված է 4 հազար վիրահատություն: Եթե նախկինում ռոբոտ ունենալը համարվում էր ճոխություն, ապա այսօր այն չունենալը վատ է:

Ձեր աշխատանքում ինչո՞վ է ավելի գերադասելի ռոբոտի օգնությունը:

Բժշկական ռոբոտները լինում են նեղ ուղղվածության և բազմակողմանի՝ ունիվերսալ համակարգեր: Այսօր խոսում ենք վիրաբուժական բազմակողմանի համակարգի մասին, որը կոչվում է Դա Վինչի և ներկայում աշխարհում սերտիֆիկացված միակ սիստեմն է, որն արդյունավետ է աշխատում:

Կան բազմաթիվ հետազոտություններ, հսկայական՝ 5 միլիոնանոց փորձ և այդ հետազոտությունների արժանահավատության մեծ թվով փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ռոբոտային վիրաբուժությունն արդեն կայացել է և ինչ-որ տեղ ունի իր առավելությունը: