Հայաստանի և Սփյուռքի բժիշկները քննարկեցին արյունաբանությանն առնչվող հարցեր

Հայաստանի բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում հայաստանաբնակ և սփյուռքահայ արյունաբանները կիսվեցին իրենց փորձով և քննարկեցին ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր:

Արյունաբան Երվանդ Հակոբյանի խոսքով՝ այս սեկցիան կազմված էր 8 զեկույցից և նվիրված էր արյունաբանությանը, գենետիկային, դեռահասների առողջությանը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ի գործընկերների հետ միասին կատարված հետազոտություններին: Թեման ակտիվորեն քննարկվեց նաև հարցուպատասխանի միջոցով: Խոսելով արյունաբանությանն առնչվող արդի թեմաների և հետագա պլանների մասին, Հակոբյանը նշեց.

«Դեռահասների հետ կապված` ունենք բավականին հաջողված հետազոտություններ և ծրագրեր, որոնցից մեկը ներկայացրեց Հայ օգնության ֆոնդը: Ծրագրի ընթացքում Տավուշի մարզում 6 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների սնունդը կարգավորելով` բժիշկներին հաջողվեց սակավարյունության ցուցանիշներն իջեցնել»:

Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ այս ծրագիրը հնարավոր կլինի վերածել ազգային ծրագրի: