«Հայաստանի Հանրապետության բժշկական ասոցիացիաների գործունեությունը» խորագրով պանել քննարկումը և հայաստանյան ասոցիացիաները. Արմեն Սողոյան

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ հուլիսի 6-ին, պանել քննարկման ֆորմատով կայացավ «Հայաստանի Հանրապետության բժշկական ասոցիացիաների գործունեությունը» խորագրով ներկայացումների շարքը, համանախագահներ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ, Ամերիկայի հայ բժիշկների ընկերության էքս նախագահ Վիգեն Սեփիլյան: Արմեն Սողոյանի հետ զրուցեցինք Հայկական բժշկական ասոցիացիայի և նրա գործունեության մասին:




-   Այս տարի՝ հունիսի 21-ին, Հայ Ամերիկյան առողջության կենտրոնում Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ի՞նչ կողմերի միջև է կնքվել հուշագիրը:

-   Բուժաշխատողի օրվա առթիվ Հայկական բժշկական ասոցիացիան՝ մասնագիտական ասոցիացիաների հետ,  կազմակերպել էր «Մասնագիտական ասոցիացիաների դերը արդի առողջապահության ոլորտում» թեմայով խորհրդաժողով: Խորհրդաժողովի արդյունքում 32 ասոցիացիաների կողմից ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի հուշագիրը ստորագրած ասոցիացիաները միասնաբար համագործակցելու են  Հայկական բժշկական ասոցիացիայի հետ:

-   Խնդրում եմ մանրամասնել, ո՞րն է հուշագրի նպատակն ու կարևորությունը:

Հուշագրի նպատակն է՝ բարձրացնել առողջապահության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բուժաշխատողների դերը, բարձրացնել համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպություններում հայաստանյան կազմակերպությունների լիարժեք ներգրավումն ու գործունեության արդունավետությունը, մշակել և իրականացնել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր, ինչպես նաև  բարձրացնել պետական և մասնագիտական հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունավետությունը։