Կաթվածի կանխարգելման առաջին քայլը չծխելն է. Վիգեն Բաբիկյանի հետ հարցազրույց` Հայաստանի V միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարի բանախոսներից էր Բոստոնի բժշկական կենտրոնի կաթվածաբան Վիգեն Բաբիկյանը: Պրոֆեսոր Բաբիկյանը հայտնի է կաթվածի բնագավառում կատարած հետազոտություններով, աշխարհահռչակ պարբերականներում իր բազմաթիվ գիտական հրապարակումներով:

-   Դուք համագումարի ընթացքում խոսել եք ուղեղի կաթվածի մասին: Որո՞նք են այս ոլորտում բուժման նորարարությունները և որքանո՞վ են դրանք Հայաստանում հասանելի:

-   Կան դեղեր, որոնք օգնում են նվազեցնել կաթվածի հետևանքները, և արդյունքն առավել արդյունավետ է: Զարկերակային մուտքով հնարավոր է հասնել գլխուղեղի անհրաժեշտ անոթը և կազմալուծել մակարդուկը։ Դա վիրահատական միջամտություն է, որն ապահովում է լավագույն արդյունք, և միջամտություն ստացած անձանց կյանքի որակը բարելավվում է: Այսպիսով, հստակ երևում են առավելությունները։ Հայ բժիշկների հետ աշխատել ենք 10 տարի։ Հայաստանում այս միջամտությունը հասանելի է Էրեբունի բժշկական կենտրոնում և Առաջին համալսարանական հիվանդանոցում։ Մենք հակված ենք աշխատել հայաստանյան այլ հիվանդանոցների հետ նույնպես, որպեսզի ամենուր հնարավորություն ունենան նման եղանակով բուժում ստանալ։



-   Որքանո՞վ են նպաստում նման միջոցառումների իրականացումն առողջապահության զարգացմանը։

-   Մեր աշխատանքի մի մասը հասարակաությանը կրթելն է։ Նրանք պետք է իմանան, որ եթե կաթվածի կասկած ունեն, պետք է շտապ բժշկական օգնության դիմել։

Շատ կարևոր է հասարակության տեղեկացվածությունը։
Եկեք համեմատություն անցկացնենք. օրինակ՝ կրծքավանդակի ցավի դեպքում մարդիկ արդեն գիտեն, որ կարող են մահանալ, եթե շտապ օգնության չդիմեն և որ դա ինֆարկտի նշան է։ Համանման է կաթվածը. պետք է իմանալ, որ շտապ բուժօգնության չդիմելու դեպքում կաթվածը մահացու է։